Մատչելիության ապահովում

| Print |

Սայլակավոր հաշմանդամների համար մատչելիության ապահովման ցանկալի (իդեալական) և նվազագույն պայմանները

 

Շենքի մուտքը

 

Իդեալական տարբերակն է, եթե շենքի մուտքը գտնվում է «զրոյական» բարձրության վրա, այսինքն ոչ մի աստիճան չկա։

Եթե կան աստիճաններ, ապա անհրաժեշտ է կառուցել ասֆալտից (կամ գոնե բետոնից, բայց ոչ` մարմառից և այլ սայթաքուն նյութերից) թեքահարթակ։

Լայնությունը` առնվազն 75-80 սմ։

Երկարությունը` առնվազն 8 (ցանկալի է 10) անգամ ավել, քան բոլոր աստիճանների բարձրությունների հանրագումարը։ Օրինակ, եթե ունենք 3 աստիճան` յուրաքանչյուրը 12սմ բարձրությամբ, աստիճանների բարձրությունների հանրագումարը կազմում է 3*12սմ=36սմ։ Այս դեպքում թեքահարթակի նվազագույն երկարությունը պետք է կազմի 36սմ*8=288սմ (իսկ իդեալական տարբերակում` 36սմ*10=360սմ)։

 

 

Թեքահարթակի բազրիքները

Բազրիքները հարմար են ոչ միայն սայլակավոր հաշմանդամների, այլ նաև տարեց մարդկանց, հղի կանանց և այլ դժվարաշարժ մարդկանց համար։ Ցանկալի է կառուցել կրկնակի բազրիք, այսինքն մեկ բազրիքը` սովորական (մոտավորապես 90սմ) բարձրության վրա, իսկ երկրորդը` զուգահեռ առաջինին, ներքևի մասում, գետնից մոտավորապես 13 սմ բարձրության վրա, որպեսզի սայլակը ոչ մի դեպքում չընկնի թեքահարթակից որևէ կողմ։ Եթե թեքահարթակի մի կողմում պատ է, այն կապահովի անվտանգությունը համապատասխան կողմից, իսկ հակառակ կողմի վրա այդ ֆունկցիան կկատարի բազրիքը։

 

Մուտքի դուռը

 

Լայնությունը պետք է լինի առնվազն 75-80 (ցանկալի է 90) սմ։ Երբեմն դռան տակ լինում է բարձր շեմ, որը կարող է դժվարացնի սայլակով մարդու (ինչպես նաև այլ մարդկանց) անարգել մուտքը։ Սայլակավոր հաշմանդամին մինչև 3սմ բարձրությամբ շեմը սովորաբար շատ չի խանգարում, իսկ դրանից բարձր շեմ ցանկալի է որ չլինի։

Եթե դուռը երկփեղկանի է, ապա կամ մի փեղկի լայնությունը պետք է լինի առնվազն 75-80սմ, կամ պետք է ապահովել երկրորդ փեղկի անխափան աշխատանքը (այսինքն հեշտությամբ բացվելը)։

 

 

 

Իրավիճակը շենքի ներսում

 

Ցանկացած աստիճաններ սայլակավոր հաշմանդամի ճանապարհին հանդիսանում են լուրջ խոչընդոտ։ Եթե կան աստիճաններ, անհրաժեշտ է կառուցել թեքահարթակ (նույն չափանիշներով, ինչ նշված են այս ձեռնարկի առաջին մասում)։ Ծայրահեղ դեպքում, եթե հնարավոր չէ կառուցել մշտական (քարից կամ բետոնից) թեքահարթակ, կարելի է գոնե ունենալ շարժական (փայտից) թեքահարթակ (սակայն չափանիշները մնում են նույնը)։

Բացի աստիճանների բացակայությունից, անհրաժեշտ է հետևել, որ սայլակի ճանապարհին չլինեն այլ խոչընդոտներ (ծաղկամաններ, նեղ միջանցքներ և այլն)։ Բոլոր դեպքերում, անհրաժեշտ է հիշել, որ սայլակի անարգել տեղաշարժի համար պետք է առնվազն 75-80սմ լայնությամբ ճանապարհ, իսկ շրջադարձ կատարելու համար` մոտավորապես 115-120սմ լայնությամբ տարածք։

 

 

 

Սենյակներ (աշխատասենյակ, խոհանոց, ճաշարան)

 

Մուտքի դուռը պետք է լինի 75-80սմ-ից ոչ նեղ։ Շատ հարմար են դեպի կողք (այլ ոչ թե դեպի ներս կամ դեպի դուրս) բացվող դռները։

Ներսում խնդիրները այսքան էլ շատ չեն։ Հայ հաշմանդամները սովորաբար հարմարվում են ցանկացած կահավորանքին և իրերի դասավորվածությանը։ Սակայն, ցանկալի է հաշվի առնել որոշ հանգամանքներ.

1) Ցանկացած սեղանի (աշխատասեղան, ճաշի սեղան և այլն) բարձրությունը պետք է լինի առնվազն 72սմ, որպեսզի սայլակավոր մարդու ոտքերը հայտնվեն սեղանի տակ։ Այդ դեպքում նրան հարմար կլինի աշխատել (տե՛ս լուսանկարները)։

 

Սեղանի տակ տեղադրված իրերը կարող են խանգարել սայլակավոր հաշմանդամին։

 

2) Եթե հնարավոր է, պահարանների դարակների բարձրությունը չպետք է լինի շատ մեծ` սայլակի վրա նստած մարդը կարող է առանց կողմնակի օգնության վերցնել 130սմ բարձրության վրա գտնվող իրերը (տե՛ս լուսանկարը)։

Շատ հարմար են դեպի կողք (այլ ոչ թե դեպի դուրս) բացվող դարակների դռները։

3) Ինչպես միշտ, անհրաժեշտ է հիշել սայլակի ճանապարհին խոչընդոտների բացակայության անհրաժեշտության մասին։

 

 

 

Սանհանգույց

 

Զուգարանի հարմարավետությունը ամենակարևոր դեր է խաղում սայլակով մարդու համար։ Անհրաժեշտ պայմաններն են`

1) Մուտքը դուռը` առնվազն 75-80սմ լայնությամբ։ Կրկին շատ հարմար է դեպի կողմ բացվող դուռը (տե՛ս լուսանկարը)։

Եթե դա հնարավոր չէ, կարելի է կառուցել դեպի դուրս բացվող դուռ, իսկ ներսի կողմից դռան վրա տեղադրել բռնիչ։ Դա թույլ կտա հաշմանդամին ներսից ինքնուրույն ծածկել դուռը (տե՛ս լուսանկարները)։

 

2) Ամենակարևորն է` ապահովել սայլակի անարգել մոտեցումը զուգարանակոնքին։ Զուգարանակոնքը պետք է տեղադրվի սանհանգույցի անկյունում (այլ ոչ թե 2 պատի մեջտեղում)։ Զուգարանակոնքից աջ կամ ձախ կողմում պետք է լինի 75-80սմ-ից ոչ պակաս լայնությամբ և 110-120սմ խորությամբ (զուգարանակոնքին զուգահեռ) ազատ տարածք, իսկ այդ տարածքի հակառակ պատին` բռնիչ (տե՛ս լուսանկարը)։

Բռնիչը պետք է լինի շատ ամուր, բարձրությունը` հատակից մոտավորապես 80սմ։ Բռնիչը պետք է տեղադրվի պատից մոտավորապես 5-15սմ հեռավորության վրա, իսկ զուգարանակոնքից` մոտավորապես 17սմ հեռավորության վրա։

 

 

Լվացարան

 

Եթե հնարավոր է, ցանկալի է տեղադրել լվացարանը մոտավորապես 85սմ բարձրության վրա և ապահովել, որ լվացարանի տակը լինի ազատ տարածք (այսինքն, չլինի սիֆոն կամ այլ պարագաներ)։

 

Մատչելիությունն ապահովելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններ պարունակող բրոշյուրը կարող եք բեռնել այստեղից։
Սանհանգույցը մատչելի դարձնելու մասին  մանրամասն տեղեկատվությունը կարող եք բեռնել այստեղից:
Շենքերի մատչելիության ընդհանուր նորմատիվները կարող եք բեռնել այստեղից: