map

Մատչելիություն

| Print |

 

«Մատչելի» կամ «անարգել» միջավայր տերմինը կիրառվում է շրջակա միջավայրի տարրերի մասին խոսելիս, որտեղ կարող են ազատ մուտք գործել և օգտվել ֆիզիկական, զգայական կամ մտավոր շեղումներ ունեցող մարդիկ: Սկզբնական շրջանում այդ արտահայտությունը օգտագործվում էր շենքերի և սարքավորումների նկարագրման համար, որոնցից կարող էին օգտվել սայլակ (անվաթոռ) օգտագործող մարդիկ: Սակայն հետագայում այդ տերմինի բնորոշման մեջ ընդգրկվեցին այնպիսի չափանիշներ, որոնք հարմար էին նաև հաշմանդամության այլ ձևեր ունեցող մարդկանց համար: Լայն իմաստով, անարգել կամ մատչելի դիզայնը դա այն ձևավորումն է, որը ստեղծում է առավել հեշտ և անվտանգ պայմաններ որքան հնարավոր է շատ թվով մարդկանց համար ու նպաստում է նրանց անկախ կենսաձևի զարգացմանը: Բնակչության առավել դժվար տեղաշարժվող խմբերի թվին դասվում են՝ հենաշարժողական ապարատի վնասվածք ունեցող հաշմանդամներ (ներառյալ նաև սայլակ օգտագործողներին), տեսողության և լսողության խախտումներով հաշմանդամներ, տարեց մարդիկ (60 տարեկան և ավելի), ժամանակավորապես անաշխատունակները, հղի կանայք, մանկասայլակներով մարդիկ, նախադպրոցական տարիքի երեխաները: Ինչպես տեսնում եք, բնակչության դժվար տեղաշարժվող խմբերի թվին, հաշմանդամներից բացի, դասվում են նաև բազմաթիվ այլ սոցիալական խմբեր: Հարկ է նշել, որ այն, ինչ արվում է հաշմանդամների հարմարության համար, շատ հարմար կլինի նաև մնացած բոլոր մարդկանց համար, նույնիսկ եթե նրանք չունեն ֆիզիկական սահմանափակումներ:

 Այս կայքում մենք տեղադրել ենք համառոտ տեղեկություններ Երևանում գործող շուրջ 500 հանրային օբյեկտների` սայլակավոր հաշմանդամների և այլ սակավաշարժուն անձանց համար ֆիզիկական մատչելիության վերաբերյալ։ Մեր կողմից դիտարկված օբյեկտները պայմանականորեն բաժանված են «մատչելի», «հիմնականում մատչելի» և «դժվարամատչելի» ենթախմբերի։ Ընդ որում, «մատչելի» են համարվում այն հաստատությունները, որտեղ սայլակ օգտագործող մարդը կարող է մուտք գործել առանց կողմնակի օգնության, այսինքն, որտեղ չկան աստիճաններ, նեղ դռներ և այլ խոչընդոտներ։ «Հիմնականում մատչելի» հաստատությունների շարքին դասվել են այն օբյեկտները, որտեղ սայլակավոր հաշմանդամը կարող է մտնել որոշակի օգնությամբ (այսինքն, օբյեկտի մուտքի մոտ կամ ներսում կա 1 աստիճան կամ այլ ոչ էական խոչընդոտ)։ «Դժվարամատչելի» են համարվում այն օբյեկտները, որոնցից օգտվելը անհնար է առանց վարժ օգնականների (այսինքն, առկա են 1-ից ավելի աստիճաններ և/կամ այլ լուրջ խոչընդոտներ)։

 Կայքում զետեղված օբյեկտների ցանկը պարբերաբար թարմացվելու է, այդ թվում նաև` կայքի այցելուների մասնակցությամբ։ Առաջին հերթին, ակնկալում ենք ստանալ Ձեզանից տեղեկություններ մատչելի օբյեկտների մասին։ Ձեր առաջարկներն ուղարկեք կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով։

 Նախագիծն իրականացնում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ։